Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հունգարահայ բժիշկները XVIII դարից մինչեվ xx դարասկիզբը

Հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել սկսած X դարից: XV-XVI դարերում շուրջ 3000 հայ ընտանիքներ Մոլդովայից տեղափոխվել են Հունգարիա: Հայերը Տրանսիլվանիայի իշխաններից ստացել են զանազան արտոնություններ, հայաշատ Գեռլա և Եղիսաբեթուպոլիս քաղաքներում ունեցել են ներքին ինքնավարություն` քաղաքային վարչություն, դատարան, քաղաքագլուխ, կառուցել են եկեղեցիներ, հիմնադրել դպրոցներ, մատենադարան-գրադարաններ, թատրոն, հիվանդանոց և այլն: 

 

Դարեր շարունակ ապրելով Հունգարիայում, հայերը մասնակցել են երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին: Կռվել են երկիրն օսմանյան լծից ազատագրելու համար, մասնակցել են 1848-49թթ. հեղափոխությանը, տվել են կամավորներ, կազմել պահակազորքեր, hայթայթել զենք-զինամթերք, հիմնել հոսպիտալներ և այլն: 

 

Հայերի մեջ եղել են բազմաթիվ երևելի անհատներ, որոնք զբաղվել են գիտության ու արվեստի ամենատարբեր բնագավառներում: Երկրի մշակույթի անքակտելի մասը կազմող բժշկությունը ևս անմասն չի մնացել հայերի ներդրումներից: Բժշկության բնագավառում հայերի մատուցած մեծ ծառայությունը չէր կարող վրիպել հունգար բժիշկ-պատմաբանների ուշադրությունից: Ուստի պատահական չէ, որ Հունգարիայի ԳԱ և Բժշկության պատմության թանգարանի կողմից հրատարակվող «Հունգարիայի բժշկության պատմությունը» ամենամյա հանդեսի համարներից մեկում տեղ է գտել Բալաշ Բուջիի (Բուդիի) «Զիբենբուրգենի հայ բժիշկների դերը բժշկագիտության պատմության մեջ» գերմաներեն լեզվով լույս տեսած հոդվածը: Նա գրում է, որ Սամոշույվարի և այլ բնակավայրերի հայկական դպրոցների շրջանավարտները Վիեննայում ստանում էին հիմնականում իրավաբանական և բժշկական կրթություն: Սամոշույվարի և Էրժեբեթվարոշի բժշկական կենտրոնները դարձել էին երկրի լավագույն կենտրոնները, որտեղ աշխատում էին մեծաթիվ հայ բժիշկներ: Ուստի պատահական չէր, որ 1738թ. Սամոշույվարում հայերը հիմնադրեցին Հունգարիայի առաջին դեղատունը: Հայ բժիշկները արժանացել են հունգարական արքունիքի բժշկական սպասարկումն իրագործելու պատվին: Բալաշ Բուջին գրում է, որ «Հայ բժիշկների դերը Հունգարիայի բժշկության զարգացման գործում այնքան ակնառու է, որ անհրաժեշտ է այդ հարցին նվիրել առանձին ուսումնասիրություն»: 

 

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում տարբեր աղբյուրներից հավաքած անվանի հունգարահայ բժիշկների համառոտ կենսագրականները:

 

Աբրահամ Ադեոդատ

Հայտնի է նաև Ադեոդատ Պոտանիուշ-Աբրահամ կամ Գեզա Ադեոդատ կամ Պատտանտյուշ անուններով: Իսկական անունը եղել է Ասատուր կամ Աստվածատուր Աբրահամյան: 

 

Ծնվել է 1835թ., Հունգարիայի Շելմեցբանյա քաղաքում:

 

1846թ. ավարտելով համալսարանի բժշկական բաժինը, պաշտպանել է ավարտաճառը և արժանացել բժշկության դոկտորի տիտղոսի: Ունեցել է պրոֆեսորի կոչում: 1870թ. ընտրվել է Հունգարիայի հիգիենիստների միության կենտրոնական խորհրդի անդամ: 1873-1885թթ. երեք անգամ երկուական տարով ընտրվել է Բուդապեշտի քաղաքագլուխ: Երկար տարիներ զբաղվել է Հունգարիայի և նրա մայրաքաղաք Բուդապեշտի կոմունալ և կենցաղային հիգիենայի խնդիրներով: 1869թ. արժանացել է հիգիենիկ բժշկության գծով թագավորական խորհրդականի կոչման: Հռչակավոր վիրաբույժ էր: Երկար տարիներ եղել է Կոլոշվար քաղաքի վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի վարիչը: Աշխատել է նաև Բուդապեշտի համալսարանում: Հունգարիայի առողջապահական համակարգում վարել է բարձր պաշտոններ: Լինելով անվանի վիրաբույժ և հիգիենիստ, զբաղվել է նաև մեխանիկայով: Նա նաև տեխնիկական գիտությունների դոկտոր էր: Դասավանդել է Բուդապեշտի պոլիտեխնիկական ինստիտուտում: Հեղինակ է 36 գրքի և 35 գիտական հոդվածների: Եղել է «Ճարտարագիտական տեղեկատու»,«Տեխնիկա»,«Հունգարական տեխնիկա»,«Պոլիտեխնիկական ինստիտուտի տեղեկագիր»հրատարակությունների խմբագիրը:

 

Հունգարիայում Ադեոդատ Պոտանիուշ-Աբրահամի անունով մրցանակ է սահմանված, որով պարգևատրվում են երկրի առավել ակնառու գյուտարարները:

 

Ագոնց Կարոյ

Հայտնի է նաև Ակոնչ կամ Հակոնց տարբերակներով:

 

Ծնվել է 1861թ., Հունգարիայի հայաշատ Կոլոժվար (այժ` Կլուժ) քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կոլոժվարում և Սիբիուում: Ավարտել է Բուդապեշտի համալսարանի բժշկական բաժինը: Աշխատել է Թաուֆերի բուժարանում: Հետագայում աշխատել է Արադում: Երկար տարիներ եղել է Կոլոժվարի կանանց հիվանդանոցի և ծննդատան տնօրենը, Տրանսիլվանիայի պետական երկաթուղու բժշկապետը և համալսարանի պրոֆեսոր: Նա Հունգարիայի անվանի բժիշկներից մեկն էր: Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների: Մահացել է 1925թ.:

 

Ավետիք Ստեփան

 

Ծնվել է 1804թ. օգոստոսի 19-ին, Հունգարիայի Հայսոց (այժմ` Սերբիա) քաղաքում: 1831թ. ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական բաժինը և ստացել բժշկության դոկտորի տիտղոս: Ավարտաճառի թեման է «Դե օֆթալմիա նեոնատորիում», որը 1831թ. հրատարակվել է Մխիթարյան միաբանության տպարանում և համարվում է այդ բնագավառի ուշագրավ աշխատություններից մեկը: 1847-48թթ. գտնվել է Վիեննայում: 1848թ. ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը, ինչի համար էլ նրա անունով` Ավետիք, Վիեննայում փողոց է անվանակոչվել: Եղել է անվանի գիտնական-ակնաբույժ և խոշոր հասարակական-պետական գործիչ: Ունեցել է պրոֆեսորի կոչում: Մահացել է 1884թ., Վիեննայում: 

 

Բադրուպանի Գերգեյ

 

Իսկական անունը եղել է Գերգել կամ Գրիգոր կամ Գևորգ Բադրուպանյան կամ Պատրուբանյան: Ծնվել է 1830թ., Հունգարիայի (Տրանսիլվանիայի) հայաշատ Էրժեբեթվարոշ (Եղիսաբեթուպոլիս, այժմ Ռումինիայի Դումբրէվանի քաղաք) կամ Սամոշույվար (այժմ` Գեռլա) քաղաքում: Ավարտել է Բուդապեշտի համալսարանի բժշկական բաժինը: Բժշկական գիտելիքները կատարելագործելով Վիեննայում վերադարձել է Բուդապեշտ: Պաշտպանել է թեզ և ստացել բժշկության դոկտորի կոչում: 1863-73թթ. եղել է Բուդապեշտի պատվաստանյութերի պետական ինստիտուտի տնօրենը և առաջատար մասնագետը: 1869թ. հաստատվել է Բուդապեշտում և ստացել պրոֆեսորի կոչում: Միաժամանակ Բուդայի առողջարանում բուժել է ռևմատիկ հիվանդություն ունեցողներին: 1869թ. ընտրվել է Բուդապեշտի խորհրդարանի պատգամավոր: 1869թ. նշանակվել է Հունգարիայի կայսեր խորհրդական: 1873, 1879, 1885թթ. ընտրվել է Բուդապեշտի առաջատար քաղաքային բժիշկ: Եղել է Բուդապեշտի բժիշկների թագավորական ընկերության քարտուղարը: Լինելով Հունգարիայի առաջին բժիշկ-ուրբանիստը, մեծ ավանդ է ներդրել մասնավորապես Բուդապեշտի կոմունալ հիգիենայի զարգացման գործում: Եղել է անվանի գիտնական-հիգիենիստ և զբաղվել քաղաքային հիգիենայի ամենատարբեր խնդիրներով:

 

Հունգարերեն է թարգմանել Վիրխովի աշխատությունը բջջային ախտաբանության մասին: Զբաղվել է նաև հայագիտությամբ: Մահացել է 1891թ.: Նրա որդի Լուկաչը Հունգարիայի հայագիտության առաջին պրոֆեսորն էր:

 

Դոնդոգան Զաքարիաշ

 

Իսկական անունը` Տոնականյան Զաքարիա: Ծնվել է 1868թ., Հունգարիայի Շյուլեմեր (Շլումեր) Շասելմետ քաղաքում: 1891թ. ավարտել է Կոլոժվարի համալսարանի բժշկական բաժինը և ավարտաճառ կարդալով` ստացել բժշկության դոկտորի տիտղոս: 1891թ.-ից աշխատել է Բուդապեշտի համալսարանի ֆիզիոլոգիայի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնում` որպես պրոֆեսորի ասիստենտ, հետագայում` պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: Ֆիզիոլոգիայի ինստիտուտում լինելով Նանդոր Կլյուգի ասիստենտը, գիտական ուսումնասիրություն է կատարել լարինգոսկոպիայի գծով: Զաքարիաշն իր գիտական աշխատանքի ղեկավար գտնելու համար ստիպված է լինում տեղափոխվել այլ կլինիկա: Շուտով հանդիպում է պրոֆեսոր Կետլին, որը ոչ միայն ստանձնում է նրա աշխատանքի ղեկավարությունը, այլև միջնորդում է նրան ֆինանսավորելու և եվրոպական բժշկական կենտրոններ գործուղելու համար: Տարբեր բժշկական հաստատություններում կատարել է ռենտգենա-ուռուցքաբանական հետազոտություններ, որոնք նորություն էին այդ տարիների Եվրոպայի համար: 1905թ. Բուդապեշտի համալսարանում պաշտպանել է գիտական թեզ «Վերին շնչառական օրգանների և թոքերի հիվանդության պատճառները» թեմայով: Համարվում է Հունգարիայի առաջին քիթ-կոկորդ-ականջաբույժը: Հեղինակ է 40-50 գիտական աշխատությունների: Եղել է պետական և մասնավոր մի քանի կլինիկաների խորհրդատու և գլխավոր բժիշկ: Բալաշ Բուրջան նրան անվանել է «Հունգարիայի հռչակավոր հայ բժիշկ»:

 

Հետաքրքիր է այն փաստը, որ մինչև 1905թ. նա աշխատել է Բուդապեշտի քաղաքային օպերային թատրոնում և զգալի ավանդ ունեցել հունգարական երաժշտական արվեստի զարգացման գործում: Մշակել է մեներգի կատարման ընթացքում շնչելու և արտաշնչելու յուրատեսակ համակարգ: 

 

Մահացել է 1917թ.:

 

Հեղինակ. Հարություն Մինասյան Հոգեբույժ,«Նոր Արաբկիր»բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ